Էպիթելային հյուսվածք
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը։ Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։ Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
Комментарии
Отправить комментарий