Պատմություն. Մուստաֆա Քեմալ

Թուրքիայի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում՝ հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա, դարձյալ նրա պատկերն է՝ «Հայրենիքը պարտական է քեզ» գրությամբ: Ո՞վ է Մուստաֆա Քեմալը, որին թուրքերն Աթաթուրք՝ թուրքերի հայր կոչեցին, որը վայելում է բոլոր թուրքերի սերը և որին պարտական է իր հայրենիքը: Թուրքերն իրոք գիտեն մեծարել իրենց հերոսներին: Իսկ Մուստաֆա Քեմալն իսկապես հերոս է՝ թուրք ժողովրդի հերոսը: Նա մոխրացած, մասերի բաժանված ու պատերազմի հետևանքով ծնկի եկած Թուրքիայի բեկորները հավաքեց ու նոր զորեղ պետություն կերտեց: Մուստաֆա Քեմալը (Ալի Ռըզաօղլու Մուստաֆա) ծնվել է 1881 թվականի մայիսի 19-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքի Խոջա Քասըմ փաշա թաղամասի Իսլահանե փողոցում գտնվող տանը, որտեղ այժմ նրա անվան թանգարան է գործում: Քեմալ պատվանունը, որ նշանակում է կատարյալ, նրան հետագայում տվել է մաթեմատիկայի ուսուցիչը, քանզի դպրոցում Քեմալը բարձր առաջադիմություն էր ցուցաբերել: Քեմալի հայրը ոստիկան էր: Նրանց ընտանիքը Հունաստան է տեղափոխվել XIX դարավերջին, հավանաբար՝ Փոքր Ասիայից: Շատ պատմաբաններ պնդում են, որ Քեմալը հրեական արմատներ ունի, ոմանք էլ պնդում են, թե սլավոնական արմատներ ունի՝ որպես փաստարկ բերելով կապույտ աչքերն ու մազերի բաց գույնը: Գերիշխող է այն տեսակետը, որ Քեմալը սերում է Իսպանիայից Թուրքիա տեղափոխված և իսլամ ընդունած հրեական տոհմից: Մոր խորհրդով պատանի Քեմալը նախ կրոնական դպրոց է հաճախում: Ապա, չցանկանալով հոգևորական դառնալ, թողնում է և մասնավոր աշխարհիկ դպրոց ընդունվում: Հայրը Քեմալին վաճառականի ապագա էր կանխատեսում: Ի վերջո, Քեմալն ինքն է ընտրություն կատարում և ծնողներից գաղտնի 1893 թ. ընդունվում է Սալոնիկի ռազմական դպրոց, երեք տարի անց՝ Մոնաստրիի ռազմական ակադեմիա: Իսկ 1905 թ. ավարտում է Ստամբուլի Օսմանյան ռազմական քոլեջը: Դեռ ուսումնառության տարիներին Քեմալն աչքի ընկավ հակամիապետական հայացքներով: Նա քոլեջն ավարտելուն պես ձերբակալվում է, սակայն շատ չանցած՝ միջնորդությամբ ազատ է արձակվում և որպես կապիտան ծառայության անցնում Դամասկոսում գտնվող թուրքական զորամասերից մեկում: Այստեղ էլ շարունակում է ընդհատակյա գործունեությունը: 1907 թվականին նա, անդամակցելով «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, առաջիններից մեկն էր, որ արձագանքելով երիտթուրքերի կոչերին՝ ըմբոստացավ Աբդուլ Համիդի վարչակազմի դեմ և անցավ թուրքական հեղափոխության կողմը: Հեղափոխությունից հետո Քեմալն աչքի ընկավ Լիբիայում և Ստամբուլում հակահեղափոխական շարժումները ճնշելու գործում: 1911 թ. սկսվեց իտալա-թուրքական պատերազմը: Քեմալը, իր հրամանի տակ ունենալով ընդամենը 28.000 սվին, հաջողությամբ դիմագրավում է հնգապատիկ առավելություն ունեցող իտալական զորքերին: Այս պատերազմում Քեմալը վիրավորվեց և մասամբ կորցրեց ձախ աչքի տեսողությունը: Ապա Քեմալն աչքի ընկավ Բալկանյան պատերազմում, որի ավարտին ստացավ փոխգնդապետի զինվորական կոչում: 1915 թ. մարտին փայլեց Քեմալի աստղը: Երբ անգլիացիները ձեռնարկեցին Դարդանելի օպերացիան, Մուստաֆա Քեմալն իր ստորաբաժանումով Գալիպոլիի ճակատամարտում ջախջախեց անգլիական զորքն ու փրկեց Ստամբուլը ներխուժումից՝ դրանով իսկ փրկելով Թուրքիան: Գալիպոլիի ճակատամարտից հետո Քեմալը նետվեց կովկասյան ճակատ: Զորեղ հակագրոհով վերցրեց Մուշն ու Բիթլիսը՝ ռուսական բանակի համար ստեղծելով շրջապատման վտանգ: 1917 թվականին Քեմալն է ուղեկցել ապագա սուլթան, արքայազն Մեհմեդ Վահիդեդդինին դեպի Ավստրո-Հունգարիա և Գերմանիա կատարած ճանապարհորդության ընթացքում: 1918 թվականին Քեմալը, որպես բանակի հրամանատար, Սիրիայում պատերազմում էր անգլիացիների դեմ: Նա կարողացավ Հալեպի մատույցներում կանգնեցնել անգլիացիների առաջխաղացումը: Ի դեպ, Մուստաֆա Քեմալը միակ թուրք զորավարն է, որ պարտություն չի կրել Առաջին աշխարհամարտի ժամանակ: Սակայն Թուրքիան պարտվեց պատերազմում: 1920 թ. օգոստոսի 10-ին Անտանտի երկրները Սևրում ստորագրեցին պայմանագիր, որով Թուրքիան մասնատվում էր Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հայաստանի միջև: Դա Թուրքիայի օրհասական պահն էր և թվում էր՝ ոչ ոք և ոչինչ այլևս չի փրկի կործանվող կայսրությունը: Մանավանդ որ անգլիական, ֆրանսիական, հունական զորքերը գրավել էին Ստամբուլն ու Իզմիրը: Բայց ասպարեզ իջավ հերոսը, որ նախաձեռնեց ազգայնական շարժումը: Մուստաֆա Քեմալն իր շարժումը սկսեց հայոց Կարինից, երբ Սանասարյան վարժարանում ժողով հրավիրեց՝ նախկին օսմանյան բանակի ազգայնական սպաների և գործիչների մասնակցությամբ: Ներկայացնելով իր ծրագիրը՝ բոլորին զենքի կոչեց ու սկսեց պայքարը: Մինչ այդ՝ դեռ 1919 թ., նա հեռացավ օսմանյան բանակից՝ հայտարարելով, որ պետությունը վտանգի մեջ է և իշխանությունները կործանման են տանում Թուրքիան: Անգամ դատարանը նրան հեռակա մահվան դատապարտեց: Բայց Քեմալը չընկրկեց: 1919 թ. սեպտեմբերի 4-ին նա Սվասում համաժողով հրավիրեց: Կազմեց Ազգային ուխտը, որը Քեմալին հետագա գործունեության իրավասությամբ օժտեց: 1919 թ. դեկտեմբերին Քեմալի նախաձեռնած շարժումը հաղթեց Օսմանյան կայսրության վերջին ընտրություններում: Նա պառլամենտում ընդունել տվեց Ազգային ուխտի մասին բանաձև, ապա լուծարեց պառլամենտը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work