Տիգրան Մեծ

 Տիգրան Արտաշեսյանը՝ իր տոհմում այդ անվան երկրորդ կրողը, նախնիններից ժառանգում է կայացած պետություն և մարտունակ բանակ, որի միջոցով էլ կարողանում է իրականացնել հայրենիքի հզորացման և աշխարհակալ տիրակալության ստեղծման իր սկզբունքային ծրագրերը։ Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորություն և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցնում է իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ազդեցիկ Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։ Օրեցօր բարգավաճող Հայոց թագավորության զարթոնքն արգելակելու նպատակով երբեմնի հակառակորդները դաշինք են կնքում և շարունակական պատերազմներից հետո՝ մ․թ․ա․ 66 թվականին, պաշարում հայոց թագավորանիստ-ոստան Արտաշատը։ Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում կնքված Արտաշատի պայմանագրով Հայաստանը շարունակում էր պահպանել իր տարածքային ամբողջականությունը (15 նահանգները) և նույնիսկ որոշ նվաճյալ հողեր։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներն անցնում են համեմատականորեն խաղաղ աշխարհաքաղաքական պայմաններում․ զարկ է տրվում տնտեսությանը, մշակույթին և քաղաքաշինությանը։ Հայոց «արքայից արքան» մահանում է մ․թ․ա 55 թվականին՝ գահը թողնելով որդուն՝ Արտավազդին։ Վերջինս դեռևս մի քանի տարի առաջ դարձել էր հոր գահակիցը։Տիգրան Մեծի օրոք ստեղծվել է Հայոց աշխարհակալությունը․ ենթակա երկրներով հանդերձ այն զբաղեցնում էր շուրջ 3 միլիոն քառակուսի կմ տարածք և տասն անգամ գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը։ Տիգրանյան Հայաստանը հելլենիստական պետություն էր, որտեղ խոսում էին 15-ից ավելի լեզուներով։

Աշխարհակալության ամենազարգացած շրջանը Անտիոքն էր էր, որը համարվում էր միջազգային առևտրական ուղի։ Տիգրան Մեծի օրոք Հայաստանը մարտադաշտ կարող էր դուրս բերել 300 հազար զինվոր, որից 120 հազարը կազմում էին բուն հայկական ուժերը։ Հայոց արքան աչքի է ընկել նաև քաղաքաշինական գործունեությամբ։ Մ․թ․ա․ 80-70-ական թվականներին Արևմտյան Տիգրիսի ափին՝ Աղձնիք նահանգում, վերջինս հիմնադրում է Տիգրանակերտ քաղաքը, որը դառնում է հայոց նոր մայրաքաղաքը։ Տիգրանն իր անունով քաղաքներ է հիմնադրել նաև այլ վայրերում, այդ թվում՝ Արցախում։

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել Ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։ Տիգրանի ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»։ Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը, Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման, Պերճ Զեյթունցյանի «Աստծո 12 օրը» դրաման, Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպը և այլն: Եվրոպացի կոմպոզիտորները Տիգրան Մեծի մասին գրել են 23 օպերա, որոնք բեմադրվել են Եվրոպայի ամենաքաղաքակիրթ քաղաքների թատրոններում՝ Թուրինում, Վենետիկում, Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում և այլուր։Հայաստանում արքայի պատվին անվանակոչված է Երևանի քաղաքային նշանակության փողոցներից մեկը՝ Տիգրան Մեծի Պողոտան, որը սկվում է Հանրապետության հրապարակից և ավարտվում Սասունցի Դավթի հրապարակում։ 2014 թվականի օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքով սահմանվել է «Տիգրան Մեծի պատվո շքանշան»։ «Արքայից արքայի» քարակերտ արձաններ տեղադրվել են ինչպես մայրաքաղաք Երևանույմ, այնպես էլ Վաղարշապատում և Արտաշատում։ 2016 թվականին նկարահանվել է “Հին Արքաներ” պատմական և գեղարվեստական հեռուստասերիալը,որը պատմում է Տիգրան Մեծի գահակալման մասին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work