Վանո Սիրադեղյան. «Շատ չհամարվի»
Խոզը մորթեցին առանց միջնեկի։ Նա շաբաթ իրիկունը չեկավ, գիշերը չեկավ, չեկավ առավոտը — ստիպված խոզը մորթեցին։ Քանի դեռ ջուրը տաքանում էր, քանի դեռ խոզը խանձվում էր կրակին, մայրը հույս ուներ, թե վերջին պահին միջնեկը կհասցնի կգա։ Մեծ որդին, որ գյուղում էր ապրում և փոքրը, որ քաղաքից եկավ — մինչն այն պահը, երբ արդեն ուշ կլիներ մսացուն մշակելը, եղբորը սպասեցին։
Ուրեմն, խոզը մորթեցին, կրակին խանձեցին, տաք ու պաղ ջրով շփեցին-քերեցին, կարպետով ծածկեցին հինգ րոպե (մեկն առաջարկեց՝ տասը րոպե) և արին մնացած բաները։
Մայրը երկու օր ոտքի վրա էր։ Հանգստի հնարավորությունը որ չկար, հոգնելու ժամանակ չուներ։ Տավարի միսը կրակին էր, հավերը՝ չաղլիկ, բուլղարական, խաշվում էին գազօջախին, հացի վերջին կողը թոնրի մեջ էր՝ հարսը սպասում էր հանելուն և անձրև եկավ, ձնաշունչ, ձյունի վերաճող անձրև։ Ապրիլին այդպիսի անձրևը աղետ էր։ Ծառերը փարթամ բողբոջով էին, ծառերը՝ մերկ, ծառերը՝ փափկած, գնում էին ամառվան հարս, և նրանց գլխին ձյուն էր մաղվելու։ Սարերում, հաստատ, ձյուն էր եկել, գիշերը ձյուն կգներ բողբոջին, ծաղկին… Գյուղում այդ մի ծառն էր ծաղկել՝ ամուսնու տնկած մի հատ նշենին — այգու ծայրին, գյուղի ծայրին, անջատ, մենակ, սիրուն, և նրա վրա ձնաշունչ անձրև էր գալիս։
Комментарии
Отправить комментарий